Նիկոլական իշխանության օրոք գործող դատարանը Մասիսի քաղաքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանին դատապարտեց 6 տարի 3 ամիս ազատազրկման։
Անկախ մեր քաղաքական հայացքների տարբերություններից՝ Դավիթն իմ Հայ եղբայրն է։ Նրա հայրենասիրությունը ոչ թե հրապարակային հայտարարությունների, այլ կենսակերպի և արժեքային համակարգի դրսևորում է։ Մասիս քաղաքը նա սիրում է հարազատ օջախի պես, և դա գիտեմ ոչ թե ուրիշների պատմածներից, այլ անձնական շփումներից ու դիտարկումներից։
Իհարկե, Նիկոլին նման հայրենասեր ու ինքնասեր թեկնածուների մասնակցությունը ձեռնտու չէ։ Նրա պատկերացրած «արդար ընտրությունների» տրամաբանությունը հետևյալն է՝ նախ մրցակիցներին զրկել ընտրվելու հնարավորությունից, սահմանափակել քաղաքացիների ընտրության իրավունքը, ապա հպարտորեն հայտարարել առավելագույն թվով ձայներ ստանալու մասին։ Սա ոչ թե ժողովրդավարություն է, այլ ժողովրդավարական ընթացակարգերի քողի ներքո քաղաքական մրցակցության սահմանափակում։
Եվ այս ամենից հետո դեռ հույս ունե՞ք, որ նույն իշխանությունը Սահմանադրության փոփոխության հանրաքվեն արդար է անցկացնելու։ Սահմանադրության փոփոխության գործընթացը չպետք է հասնի անգամ քվեարկության փուլին, քանի որ հակառակ դեպքում առկա է ընտրական կեղծիքների, վարչական լծակների չարաշահման և տարատեսակ մանիպուլյացիաների միջոցով ցանկալի արդյունքն ապահովելու լրջագույն վտանգ։
Ինչ վերաբերում է Դավիթ Համբարձումյանին, ապա իմ դիրքորոշումը միանշանակ է․ Դավիթն իմ հայրենակիցն է, իմ հայրենասեր Հայ եղբայրը, և թե՛ անձնական մակարդակում, թե՛ որպես «Լույսի Բանակ» կազմակերպության նախագահ՝ հայտնում եմ իմ աջակցությունն ու զորակցությունը նրան։
Կարեն Արայան
🇦🇲🇦🇲 @LuysiBanak